a Shushan Vardanian so9
business logo business logo
business logo
black line

BACK

fff

ՊԱՊՍ

Պապս մահամերձ էր... Արդեն երկու օր էր, ինչ գամված էր անկողնուն… Ընդունված կարգով շուրջբոլորը հավաքվել էր ողջ գերդաստանը՝ ազգականները, որդիներն ու դուստրերն իրենց որդիների ու դուստրերի, նրանց մայրերի ու հայրերի հետ։ Սենյակում լռություն էր։ Պապս քնած էր ցավից հոգնատանջ մարդու կարճատև քնով, և լռության մեջ միայն նրա խռպոտ շնչառությունն էր լսվում։

–Մխիթա՛ր, սիրտդ ի՞նչ կուզի,– լռությունը ճեղքեց տատիս ձայնը, երբ պապս վերջապես բացեց ցավից պղտորված աչքերը։

Մահացողի վերջին կամքն օրենք է, ամռանը ձյուն էլ ուզի, պետք է ճարել. այդ ավանդույթը սերնդից սերունդ սրբորեն պահպանվում էր պապիս գերդաստանում։

–Վանա…տառեխ…,– չորացած շրթունքները մի կերպ շարժելով, խուլ ձայնով հազիվ արտաբերեց պապս։

–Վանա տառե՞խ,– շվարեց տատս,– ա՛յ մարդ, վանա տառեխ որտե՞ղից ճարեմ։

Ամուսնու անիրագործելի ցանկությունից հուսահատ, հուզմունքից դողացող ձեռքերն աչքերին տանելով՝ տատս շրջեց դեմքը։ Չէր ուզում, որ պապս տեսնի իր արցունքներն ու հասկանա, որ մահանում է։ Մի կերպ զսպելով ձայնի դողացող ելևէջները՝ տատս մրմնջաց.

–Է՜, Մխիթա՛ր, հիշո՞ւմ ես, Հայրենականից հետո էր, որ օրերից մի օր Վանա տառեխ կերանք, ի՜նչ լավ օր էր...

Պապս փորձեց ժպտալ ցավի միջից, բայց միայն խորը հառաչեց ու կրկին փակեց աչքերը, որպեսզի թաքցնի արցունքները, սակայն դրանք դավաճանների նման դուրս հոսեցին փակ կոպերի անկյուններից։ Ախր պապիս միակ երազանքն ամփոփված էր այն մի հատիկ նախադասության մեջ, որ սիրում էր կրկնել լավ և վատ իրադարձությունների դեպքում. «Ա՜խ, մի անգամ էլ տեսնեմ իմ Վանա լիճ, մի անգամ էլ Վանա տառեխ ուտեմ ու թեկուզ այդ վայրկյանին մեռնեմ»։ Իսկ հիմա մահանում է անկատար երազանքը սրտում…

–Տա՛տ,–չնայած պահի լրջությանը՝ չկարողացա զարմանքս զսպել ես, – Վանա տառեխն ի՞նչ գործ ուներ Երևանում։ Չէ՞ որ Վանա լիճն այժմյան Թուրքիայի տարածքում է մնացել, իսկ Խորհրդային Հայաստանի սահմաններն այդ ժամանակ փակ էին, ինչպե՞ս էին կարողացել այստեղ բերել։

Հարցրեցի ու անմիջապես էլ ամաչեցի՝ մտածելով, որ հարցս տեղին չէր։ Ի զարմանս ինձ, տատս կարծես իմ հարցին սպասելիս լիներ։ Անմիջապես կառչեց դրանից, ինչպես խեղդվողը կկառչեր պղպջակներից։ Հիմա եմ հասկանում, որ նման իրավիճակում, թերևս, ամենաճիշտը հիշողություններին տրվելն է, այն էլ՝ լավ հիշողություններին։

Եվ տատս սկսեց պատմել արդեն հաստատուն, բայց տխուր ձայնով.

–Է՜, բալա՛ ջան, ես էլ չգիտեմ։ Սովորական օր էր։ Պապդ սովորականի պես արթնացավ, պետք է աշխատանքի գնար։ Աչքերը բացելուն պես ասաց. «Փիրուզա՛, Վանա տառեխի հոտ եմ առնում»։ Չհավատացի.«Ա՝յ մարդ, էլի երազանքներիդ գիրկն ընկա՞ր»։ «Չէ՛, չէ՛, Փիրուզա, հազարավոր հոտերի միջից ես էդ հոտը կտարբերեմ»,– ասաց պապդ ու դուրս եկավ տանից։ Հոտի ուղղությամբ գնացել էր ու Պլանի գլխին, մի տանը գտել։ Այն ժամանակ քաղաքը փոքր էր։ Պլանի գլուխն այսօրվա Աբովյան պուրակն է, իսկ այն ժամանակ դա քաղաքի ծայրամասն էր ու մեր տանից քսան րոպեի ոտքի ճանապարհ էր։ Մեկ էլ տեսնեմ, պապդ տառեխն առած եկավ. «Փիրուզա՛, քեֆ ենք անելու։ Երեխաներին ուղարկի՛ր, թող եղբորս ու հորաքրոջս կանչեն»։ Դե, հեռախոս դեռ չունեինք, իսկ եղբայրն ու հորաքույրը, դու գիտես, նրա եղեռնից մազապուրծ միակ հարազատներն էին։ Ասաց, ու ինքը գնաց աշխատանքի, դե ես էլ եփեցի, պատրաստեցի ամեն ինչ ու երեկոյան, երբ բոլորը հավաքվեցին, նշխարքի պես բաժանեցինք ձուկը։ Ի՜նչ անմահական ձուկ էր… Բա հո՜տը։ Անմահական բույր ունի Վանա տառեխը։

–Տա՛տ,– զրույցը շարունակելու համար տատիս հակաճառեցի ես,– ինչպե՞ս կարող է տառեխն անմահական բույր ունենալ, եթե բոլոր ձկներն էլ տհաճ հոտ ունեն։

–Ա՛յ բալա, –անկեղծորեն զայրացավ տատս,– ես հո սո՞ւտ չեմ ասում, – ու անմիջապես էլ երանությամբ շարունակեց.– Է՜, աստված տա, դուք էլ երբևէ տեսնեք այդ ձկան համը…

Այդ գիշեր պապս մահացավ…

Տարիներ են անցել։ Ու երբ անցյալի հեռվից հիշողությանս մեջ վերապրում եմ այդ օրը, հստակ գիտակցում եմ, թե ինչքա՜ն իրավացի էր տատս. իրոք, անմահական են տառեխի հոտն ու համը՝ կորուսյալ հայրենիքում թողած մանկության նման…


BACK